Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը։
Մասնագիտական եզրակացությունների հիման վրա հաստատվել են «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի մշակած հատուկ տեխնիկական պայմանները բազմաբնակարան 3 և առողջապահական 1 շենքի նախագծային փաստաթղթերի մշակման համար։ Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ գործող շինարարական օբյեկտների ռիսկայնության դասակարգման կարգում փոփոխությունների, հստակեցումների իրականացմանը՝ էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման կայանների, բջջային կապի կայանների բազմակի կիրառվող օրինակելի նախագծերի, էլեկտրամատակարարման գծերին։ Եղիազար Վարդանյանն ընդգծել է կոմիտեի դիրքորոշումը՝ գնալ գործընթացների դյուրացման, ընթացակարգերի հստակեցման ճանապարհով՝ միաժամանակ պահպանելով քաղաքաշինական աշխատանքների պատշաճ իրականացման սկզբունքը։
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև հակահրդեհային անվտանգության գործող նորմերի վերանայման անհրաժեշտությանը և ներկայացվել կոմիտեի մտադրությունը՝ կազմակերպելու Մեծ Բրիտանիայում գործող համարժեք նորմերի տեղայնացում։