2024թ․ սեպտեմբերի 13-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին ներկա էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Արազ Պապիկյանը և Սուրեն Մինասյանը, ՏՄ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներով ընթացիկ տարվա երեք եռամսյակներում իրականացված ստուգումներին, հետազոտություններին, վերահսկողական այլ գործառույթներին վերաբերող մի շարք հարցեր։
Խորհրդակցությանը քննարկվեց Տեսչական մարմնի ղեկավարի կողմից յուրաքանչյուր ոլորտով տրված հանձնարարականների կատարման ընթացքը։
Մասնավորապես ներկայացվեց ՀՀ ողջ տարածքում շահագործվող գազա-բենզալցակայանների, Երևանում գործող խոշոր առևտրի կենտրոնների, ինչպես նաև նավթի և նավթամթերքի պահեստներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները։
Աշխատանքային հանդիպմանը ներկայացվեց քաղաքաշինության բնագավառում տարեկան ստուգումների ծրագրերով նախատեսված և իրականացված աշխատանքների ընդհանուր պատկերը։ ՏՄ ղեկավարի կողմից շեշտադրվեց հատկապես ՀՀ տարբեր համայնքներում պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների որակի նկատմամբ էլ ավելի խստացված վերահսկողության, անհրաժեշտության դեպքում ամենօրյա ռեժիմով ընթացիկ շինարարական աշխատանքներին ծանոթանալու և դրանց որակին հետևելու հարցը։
Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին նաև միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով՝ ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների, գազաբալոնների ճնշափորձարկման և տեխզննման կայանների նկատմամբ իրականացվող վերահսկողությանն առնչվող հարցեր։
Զեկուցվեց նաև էլեկտրաէներգետիկական համակարգում, էներգատեղակայանքներում տարեկան ստուգումների ծրագրով իրականացված տեխնիկական ստուգումների, վերստուգումների, ուսումնասիրությունների իրականացման հարցը և ներկայացվեց նշված եռամսյակների արդյունքները։
ՔՏՀԱՏՄ իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության, որակի ապահովման վարչության կողմից ներկայացվեցին Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների ընթացքը, ներկայացվեցին արձանագրված առկա խնդիրները։
Խորհրդակցության վերջում ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին մի շարք հանձնարարականներ։