Հունիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման կարողությունների գնահատման, ինչպես նաև հրդեհների դեմ պայքարի և հետևանքների վերացման միջոցառումների համակարգմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այն ընթացավ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի համակարգմամբ։
Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին Ներքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանումների և Փրկարար ծառայության ղեկավար կազմը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, հրդեհային անվտանգության ոլորտը համակարգող Արազ Պապիկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, բնապահպանության, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական գերատեսչությունների, մարզպետարանների, ներկայացուցիչները։
Նիստի մեկնարկին Արամ Ղազարյանն անդրադարձավ անտառային հրդեհների վիճակագրությանը և վերջին տարիների դինամիկային՝ հատուկ շեշտադրելով, որ հրդեհավտանգ ժամանակահատվածում գործընկեր կառույցների միջև սերտ ու համակարգված փոխգործակցությունը հանդիսանում է հրդեհների արդյունավետ կանխարգելման կարևորագույն նախապայմանը։
Օրակարգի շրջանակներում մասնակիցները մանրամասն քննարկեցին 2025 թվականին արձանագրված խոշոր հրդեհների դեպքերը։ Մասնագիտական վերլուծության ենթարկվեցին արձագանքման գործընթացում ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաև գնահատվեցին դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները։ Զուգահեռաբար անդրադարձ կատարվեց անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման նպատակով իրականացվող ընթացիկ միջոցառումներին և դրանց արդյունավետության հետագա բարձրացման հնարավորություններին։
Հատուկ ուշադրության արժանացան օպերատիվ կառավարման խնդիրները։ Աշխատանքային խմբի կողմից առանձնակի կարևորվեց ստացվող ահազանգերին արագ արձագանքելու պատրաստականությունը, հրդեհավտանգ օրերին փրկարարական ուժերի և միջոցների նախապես տեղակայման անհրաժեշտությունը, ինչպես նաև տեխնիկական և մարդկային ռեսուրսների օպտիմալ ու արդյունավետ բաշխումը հանրապետության ողջ տարածքում։
Մասնակիցներն առանցքային համարեցին ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապերի ամրապնդումը, այլև բնակչության, համայնքների և կամավորական խմբերի լայն ներգրավմամբ իրազեկման ու կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։ Ընդգծվեց, որ հրդեհների կանխարգելման գործում հանրային պատասխանատվությունն ու զգոնությունը ունեն բացառիկ ու առանցքային նշանակություն։ Որպես այդպիսին, կարևորվեց ակտիվ իրազեկման աշխատանքների ծավալումը բնակավայրերում՝ ինչպես պետական գերատեսչությունների կողմից հանրային հաղորդակցության խողովակներով, այնպես էլ մարզային կառույցների կողմից՝ ՆԳՆ փրկարար ծառայության հետ սերտ համագործակցությամբ։
Նիստի ավարտին հստակ նախանշվեցին առաջիկայում իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները։ Ամփոփելով հանդիպումը՝ մասնակիցները վերստին արձանագրեցին հնարավոր հրդեհային իրավիճակներին համատեղ ու համակարգված ջանքերով առավել արդյունավետ արձագանքելու, ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի անվտանգությունը հուսալիորեն ապահովելու կարևորությունը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10