ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանն ընդունեց Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանին։ Հանդիպման նպատակը երկկողմ փոխգործակցության ընդլայնումն էր՝ ուղղված պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ու համայնքային կառավարման բարելավմանը։
Քննարկման ընթացքում Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, կարևորելով համայնքային խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, ընդգծեց, որ առաջիկայում նախատեսվում է մարզերում իրականացնել հանդիպումների շարք՝ խոշորացված համայնքների ղեկավարների և Տեսչական մարմնի մասնագիտական կազմի մասնակցությամբ։
Գարեգին Խաչատրյանի դիտարկմամբ՝ այս նախաձեռնությունը համայնքների ղեկավարներին հնարավորություն կընձեռի անմիջականորեն բարձրաձայնել իրենց համայնքներում առկա խնդրահարույց հարցերը, ստանալ մեթոդական օժանդակություն ու մասնագիտական խորհրդատվություն, ինչպես նաև վերլուծել իրականացված ստուգումների արդյունքները։ ՏՄ ղեկավարը հատուկ շեշտեց, որ նմանատիպ հանդիպումների առանցքային նպատակը թերությունների վերացմանն ուղղված գործնական քայլերի մշակումն ու հետևողական իրականացումն է։
Հանդիպման շրջանակում երկուստեք քննարկեցին Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներին առնչվող մեկ տասնյակից ավելի հարցեր։
Մասնավորապես քննարկվեցին քաղաքաշինության, հողօգտագործման և գեոդեզիայի ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Հատուկ կարևորվեց նաև հողերի նպատակային օգտագործումը և ապօրինի շինարարության կանխարգելումը թե՛ պետական, թե՛ համայնքային մակարդակներում։
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը՝ կարևորելով նման ձևաչափով քննարկումները, պատրաստակամություն հայտնեց իրականացնելու երկկողմ համակարգային աշխատանքներ։ Նա ընդգծեց, որ այս համագործակցությունն ունի կանխարգելիչ բնույթ, որտեղ համայնքների խոշորացմանը զուգահեռ առաջնային է դառնում իրավիճակի թիրախային գնահատումը հենց տեղերում։
Արմեն Հարությունյանի դիտարկմամբ՝ Տեսչական մարմնի հետ գործընկերությունը նոր հարթակ է, որը թույլ կտա խնդիրները վերափոխել կառուցողական լուծումների՝ շեշտը դնելով ոչ թե տույժերի, այլ հարցերի համակարգային կարգավորման վրա։ Նա բարձր գնահատեց Տեսչական մարմնի թափանցիկ աշխատաոճը և համայնքների հետ սերտ գործակցությունը, ինչը նպաստելու է քաղաքացիների անվտանգության ապահովմանը։
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց մի շարք պայմանավորվածություններ՝ առաջիկայում նախատեսվող ոլորտային համատեղ աշխատանքների իրականացման համար։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10