ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) հարկ է համարում իրազեկել, որ 2026 թվականի փետրվարի 26-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշում։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 2011-Ն որոշմամբ սահմանվում է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման ու պարբերականության կարգը։
Գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացում առկա իրավական բացերի վերաբերյալ Տեսչական մարմինը գրությամբ դիմել էր ոլորտային քաղաքականություն մշակող Լիազոր մարմնին՝ առաջարկելով կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։
✔️Արդյունքում, ընդունված որոշմամբ սահմանվել են հետևյալ նոր պահանջները.
✔️Գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը պարտադիր տեսագրվում է։
✔️Տեսագրությունը պետք է ներառի ավտոտրանսպորտային միջոցը, հաշվառման համարանիշը և վկայագրման գործընթացը։
✔️Տեսագրությունները պահպանվում են առնվազն 6 ամիս։
✔️Առանց տեսագրման վկայագրումն արգելվում է։
✔️Տեսագրումն իրականացվում է ապաանձնավորված տարբերակով (բացառությամբ վկայագրումն իրականացնող անձի համաձայնության դեպքերի)։
✔️Տեսագրությունների պահպանման և սարքավորումների անխափան աշխատանքի ապահովման պարտավորությունը կրում են վկայագրում իրականացնող կազմակերպությունները։
✔️Պահանջի դեպքում տեսագրությունները լիազոր մարմնին կամ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին տրամադրվում են 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Նշված փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո՝ 2026 թվականի մարտի 26-ին։
Փոփոխությունների նպատակն է ապահովել գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացի թափանցիկությունը, բարձրացնել անվտանգության մակարդակը և ուժեղացնել վերահսկողությունը։
Տեսչական մարմինը հորդորում է գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող տնտեսվարողներին խստորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները և պատշաճ կերպով իրականացնել վկայագրման գործընթացը։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10