2025 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ 2025 թվականի ընդլայնված կազմով նախավերջին աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցությանը մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանը և Արազ Պապիկյանը, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մասնագետներ։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող չորս տասնյակից ավելի հանձնարարականներ, ինչպես նաև նախորդիվ տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող հարցեր։
Տեսչական մարմնի ղեկավարն առանձին անդրադարձ կատարեց ՀՀ Վարչապետի կողմից տրված հանձնարարականների շրջանակում իրականացված վերահսկողական աշխատանքներին և դրանց արդյունքներին՝ քննարկելով ի հայտ եկած խնդիրներն ու դրանց կարգավորման հնարավոր ուղիները։
Անդրադարձ կատարվեց նաև հանրապետության տարածքում պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքին և արձանագրված խնդիրներին։ Առանձին ուշադրություն դարձվեց տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտներում իրականացվող վերահսկողական գործընթացներին։
Քննարկվեցին վերահսկողության ոլորտներով իրականացված ուսումնասիրությունների շրջանակում բացահայտված խնդիրները, դրանց լուծման ուղիները, այդ թվում՝ մի շարք օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը։
Օրակարգի կարևոր հարցերից էր նաև ինքնակամ կառույցների խնդիրը, մասնավորապես՝ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հարևանությամբ, համայնքային հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ լայնածավալ վերահսկողական գործառույթների իրականացման հարցը։
Քննարկվեցին նաև տեխզննման կայանների գործունեությանը, բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցներում տեղադրվող գազաբալոնների վկայագրման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունքներին վերաբերող հարցեր։
Անդրադարձ կատարվեց ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով բեռնափոխադրում իրականացնող ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման գործընթացի նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությանը, կանոնավոր և տաքսամոտորային ուղևորափոխադրումներին, արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող օբյեկտներին (այդ թվում՝ գազալցակայաններ և բենզալցակայաններ), ինչպես նաև Տեսչական մարմնի վերահսկողության ներքո գտնվող այլ ոլորտներում իրականացվող վերահսկողական աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցերի։
Խորհրդակցության ընթացքում յուրաքանչյուր ոլորտով վեր հանվեցին առկա խնդիրները և քննարկվեցին դրանց լուծման ուղղությամբ նախատեսված հետագա քայլերը։ Միաժամանակ Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Վարազդատ Պոկացյանին հանձնարարվեց ուսումնասիրել վերահսկողության ոլորտներով Տեսչական մարմնի գործունեությունը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը և կազմել համապատասխան առաջարկությունների փաթեթներ։
Քննարկվեցին նաև Տեսչական մարմնի գործունեությանն առնչվող բոլոր ոլորտներում իրազեկման աշխատանքների ծավալների ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Խորհրդակցության ավարտին Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից ղեկավարի տեղակալներին, ինչպես նաև կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին չորս տասնյակից ավելի հանձնարարականներ։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10