2026թ. հուլիսի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարների կողմից՝ հրդեհատեխնիկական հետազոտություններին զուգահեռ, իրազեկող, քարոզչական բնույթի հանդիպում է անցկացվել Լոռու մարզի ճամբարներում։
Իրազեկման հերթական աշխատանքներին մասնակցել են Տեսչական մարմնի Լոռու տարածքային ստորաբաժանման պետ Գոռ Ասրյանը և հրդեհային անվտանգության մասնագետները, Ռիսկերի գնահատման և վերլուծության վարչության, Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավարներն ու մասնագետները, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի պարտականությունները կատարող, փ/ծ կապիտան Հարություն Փենինյանը և նույն ջոկատի հրշեջ-փրկարարները։
Մասնավորապես՝ Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում Տեսչական մարմնի մասնագետները և հրշեջ-փրկարարները ինտերակտիվ մեթոդներով ու առարկայական օրինակներով ճամբարների ղեկավարներին, ջոկատավարներին, սպասարկող անձնակազմին և ճամբարականներին ներկայացրել են անտառային ու խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման աղբյուրների, դրանց կանխարգելման առանձնահատկությունների, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, հրդեհի դեպքում գործելակարգի, տարհանման ձևերի ու միջոցների, հրդեհաշիջման սկզբնական միջոցների օգտագործման եղանակների և դրանց տարածման վտանգից խուսափելու համար անհրաժեշտ հրատապ միջոցառումների վերաբերյալ իրազեկող տեղեկատվություն։
Տեսչական մարմնի մասնագետների և հրշեջ-փրկարարների օգնությամբ ճամբարական երեխաները սովորել են կրակմարիչի օգտագործման ձևերը, և տեղում՝ հենց երեխաների մասնակցությամբ իրականացվել է հրդեհ մեկուսացնելու գործնական միջոցառում։
Ճամբարական երեխաներն անվտանգության կանոնների պահպանման և թեմայի շուրջ իրենց հուզող ու հետաքրքրող հարցերն են ուղղել ՏՄ աշխատակիցներին ու հրշեջ-փրկարարներին և ստացել ուսանելի ու սպառիչ պատասխաններ։
Նշենք, որ նմանատիպ միջոցառման նպատակն է նպաստել երեխաներին հրդեհային անվտանգությանն առնչվող անհրաժեշտ գիտելիքներով զինված ու տեղեկացված լինելուն և հավելենք, որ հրդեհատեխնիկական ուսումնասիրություններ և իրազեկման համանման աշխատանքներ են իրականացվել նաև Կոտայքի մարզի մի շարք ճամբարներում։
ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ռոստոմի փողոց 30, (Նար-Դոս Թաուեր , 4-րդ հարկ)
+374 60 70 85 10